հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի իշխանությունների ձգտումը մեկն է՝ վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի իշխանությունների ձգտումը մեկն է՝ վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը:

«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվել երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:

  • Կիսվել: