հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվայում այսօր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումից ես մեծ ակնկալիքներ չունեմ. Խաչատրյան

Մոսկվայում այսօր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումից ես մեծ ակնկալիքներ չունեմ. Խաչատրյան

Մոսկվայում այսօր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումից ես մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ այն վարքագիծը, որը դրսևորում է Ադրբեջանը, խիստ ապակառուցողական է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Կրակոցներն ակնհայտ սադրանքներ են և բոլոր պայմանավորվածությունները շրջանցելու գռեհիկ փորձեր։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խնդիրներին քաղաքակիրթ լուծումներ գտնելու առումով»։

Անդրադառնալով Արևմուտքից ունեցած ակնկալիքներին՝ Խաչատրյանը նշեց․

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում մենք ունենք միջնորդ, որն ստանձնել է պարտավորություններ, և հետևաբար նաև իրավունք ունենք պահանջելու հարգել այդ պարտավորությունները։ Երբ, այսպես կոչված, էկոակտիվիստները փակել էին ճանապարհը դեպի Արցախ, Լավրովն ասաց, որ օրերի հարց է, միջանցքը կբացվի։ Ես մտածում էի՝ հիմք ունի, որ ասում է օրերի հարց է, բայց դրա փոխարեն անցակետ դրվեց։ Նույն Լավրովն ասում էր, որ անցակետը բացառվում է։ Ես չեմ կարողանում հասկանալ Ռուսաստանի պահվածքը։ Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել։ Արևմուտքը հարթակ է տրամադրում, ասում է՝ բանակցեք։ Ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի պահվածքը, որովհետև մեր ժողովրդի, մեր պետության սպասելիքներն ավելի շատ Ռուսաստանից են, քանի որ մեր հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Ռուսաստանի այս պահվածքը մի քիչ զարմանալի է․ չե՞ն կարողանում, չե՞ն ցանկանում․․․»։

Նրա խոսքով՝ այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպմանը պարզ կդառնա՝ վճռականություն կդրսևորի՞ Ռուսաստանը, թե ոչ, սակայն այդ առումով իր սպասելիքները, այնուամենայնիվ, շատ չեն։

Պատասխանելով հարցին, թե ինչու են վերջին շրջանում ռուսական կողմից հնչում հայտարարություններ, համաձայն որոնց՝ այսօրվա իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ից, պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունները շատ հստակ ասել են, որ մինչ օգնության ու համագործակցության մասին խոսելը որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պարտավոր է հայտարարել, որ Ադրբեջանն ագրեսիա է դրսևորել և պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Քաղաքական գնահատական ենք պահանջում։ Երբ այս մասով Ռուսաստանը լռում է, ինձ մոտ, օրինակ, անհանգստություն է առաջանում, որ նրանց ներկայությունը նոր սանդրանքների առիթ կարող է տալ։ Սա է խնդիրը։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ, ըստ ստանձնած պարտավորությունների, խաղաղապահ կամ սահմանապահ ռուսական զորքերը հետ են քաշվում, տեղում հայտնվում են ադրբեջանցիները։ Սա որոշակի մտահոգության առիթ է հանդիսանում», - ասաց նա։

  • Կիսվել: