չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոսկովյան ամբիոն՝ ադրբեջանական քարոզչությանը

Մոսկովյան ամբիոն՝ ադրբեջանական քարոզչությանը

Սեպտեմբերի 23-ին բացվել է Ռուսաստանի Դաշնային ժողովի՝ խորհրդարանի վերին պալատի, աշնանային նստաշրջանը, որտեղ ելույթի է ունեցել այս օրերին Մոսկվայում գտնվող՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան:

«Պատահակա՞ն է, որ Գաֆարովան Մոսկվայում է Դաշնային ժողովի նստաշրջանի բացման օրը: Անշուշտ՝ ոչ: Մանավանդ որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը բավական ընդարձակ եւ յուրովի անդարադարձ է կատարել հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին»,- գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը: Գաֆարովան իր ելույթը կառուցել է ԼՂ խնդրի նկատմամբ Ռուսաստանի «պատմական պատասխանատվության» կանխադրույթով:

Նա ռուսաստանցի սենատորների ուշադրությունը հրավիրել է երկու հանգամանքի վրա: Առաջինը 1805թ. Քյուրակ-չայի «պայմանագիրն է», որ, ըստ Գաֆարովայի՝ «կնքվել է Ղարաբաղի խան Իբրահիմխալիլի եւ ռուսական բանակի գեներալ Ցիցիանովի միջեւ, եւ Ղարաբաղն անցել է Ռուսաստանի ենթակայության տակ»: Երկրորդը ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումն է, որով, ինչպես ադրբեջանցի պաշտոնյան է ներկայացրել՝ «Լեռնային Ղարաբաղը մնացել է Ադրբեջանի կազմում»: Գաֆարովան նաեւ հիշեցրել է, որ երկու տարի անց Ադրբեջանի Կենտգործկոմի դեկրետով կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակի ելույթն, այսպիսով, կառուցված է այնպես, որ Ռուսաստանը պատասխանատվություն ունի ԼՂ խնդիրը «միջազգային իրավունքի սկզբունքների, ամենից առաջ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորվելու» հարցում:

«Կարելի է ենթադրել, որ նա ՌԴ պետդումայի, Դաշնային խորհրդի նախագահի, խորհրդարանականների եւ ռուսաստանցի այլ պաշտոնյաների հետ բանակցություններ է վարել հենց այդ ոգով: Զգաստացնողն այս դեպքում այն է, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում ադրբեջանական քարոզչությանն ազատ ամբիոն է տրամադրվել»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: