ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Լավրովի առանձնազրույցից

Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Լավրովի առանձնազրույցից

Ապրիլի 8-ին ես աշխատանքային այցով եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում: Մենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցել ենք առանձնազրույց, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպում, և նաև հանդես ենք եկել կարճ հայտարարություններով և պատասխանել ենք ԶԼՄ-ների հարցերին: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

՛՛Պետք է ասեմ, որ քննարկել ենք, ըստ էության, երկու ուղղության հարցեր․ առաջին՝ տարածաշրջանային՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղին վերաբերող, Հարավային Կովկասին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՛՛,-նշեց նա:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, և շատ կարևոր է, որպեսզի ամենաբարդ հարցերի շուրջ մենք կարողանանք սինքրոն աշխատանք տանել: Նա հույս հայտնեց, որ Միրզոյանի գործունեությունը և կապը ռուս գործընկերոջ հետ իր արդյունքները տալու է ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: 

Պատգամավորին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. ՛՛Ինքս էլ կարծում եմ, որ այդպես է և այդպես կլինի, ես կարող եմ, իհարկե, մանրամասնել՝ ինչի մասին ենք խոսել, բայց այդ թեմաները բոլորիդ քաջ հայտնի են․ դա և՛ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններն են, որոնք պետք է հանգեցնեին հումանիտար ճգնաժամի, և՛ հոգեբանական ճնշումները Լեռնային Ղարաբաղում, ի նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա հոգեբանական ճնշումները, և՛ Փառուխ գյուղի հատվածում նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի խախտումը և այդ ստատուս քվոյի վերականգնումը, և՛ սահմանազատման հարցերով ենթադրվող հանձնաժողովի ստեղծումը և բանակցությունները, և՛ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցով ենթադրվող բանակցությունները և Ռուսաստանի դիրքորոշումը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը և այսպես բազմաթիվ հարցեր, որոնք բոլորիս այսօր շատ հետաքրքրում են՛՛:

  • Կիսվել: