երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միրզոյանն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործելաոճին

Միրզոյանն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործելաոճին

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակական սադրանքներին, ՀՀ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումներին և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործելաոճին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի անվերապահ իրականացման՝ Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու հարցում միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ գործուն քայլերի կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճն ի ցույց է դնում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի խաթարման, միջազգային կառույցների շրջանակներում սեփական պարտավորությունների արհամարհանքը, ինչի հերթական դրսևորումն էր ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի անցումը Լաչինի միջանցքով թույլ չտալը: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ կողմից համապատասխան գործիքակազմի անհապաղ կիրառման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: