շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանն առանցքային ու կարևոր է համարում ՀՀ-ի ու Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումները

Միրզոյանն առանցքային ու կարևոր է համարում ՀՀ-ի ու Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումները

Հայաստանը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ Ամերիկյան մայրցամաքից մինչև Հեռավոր Արևելք, մինչև Արևելյան Ասիա, և, իհարկե, Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր դեր ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից: Այս մասին այսօր Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր այս հարաբերությունների զարգացման համար»:

Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ կողմերն անդրադարձան տրանսպորտային կապերին, լոգիստիկ ենթակառուցվածքներին:

Ըստ ԱԳ նախարարի՝ այս տեսանկյունից երկու երկրների համար էլ նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր: Արարատ Միրզոյանն իր ղազախ գործընկերոջը ներկայացրեց տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման հայկական տեսլականը:

«Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին, լոգիստիկ հնարավորություների՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,-ասաց նախարարը:

Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին ներկայացրեց նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության գործընթացները:

«Եվս մեկ անգամ հնարավարություն ունեցա ընդգծելու, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին, հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման [համար]՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հիմնված սահմանների հետագա սահմանազատման վրա»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս գործընթացում առանցքային է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչվել են նորանկախ:

  • Կիսվել: