կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվությունն աղերս չունի քաղաքային իշխանության լիազորությունների հետ. Սարգսյան

Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվությունն աղերս չունի քաղաքային իշխանության լիազորությունների հետ. Սարգսյան

«Կարծում եմ՝ պարոն Մնացականյանն իր հրաժարականի պատճառները շատ հստակ նշել է։ Դրան չվստահելու, չհավատալու առիթ չունենք։ Ոչ մի տարաձայնություն չենք ունեցել, վստահեցնում եմ։ Իմ գնահատմամբ՝ Վիկտոր Մնացականյանի աշխատանքը եղել է ավելի քան բավարար։ Պարոն Մնացականյանը չի ասել, որ հեռանում է պետական համակարգից, նա ասել է, որ ուզում է իր գիտելիքները ներդնել այլ ոլորտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ խոսելով Կենտրոն վարչական շրջանի արդեն իսկ նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հրաժարականի պատճառների մասին:

Հ. Սարգսյանն ասաց, որ Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար նշանակելու է քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն հարցը դեռ չի քննարկվել, քանի որ Մարությանն արձակուրդի մեջ է:

Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք Վիկտոր Մնացականյանի աշխատանքից ազատվելը որևէ կերպ կապ ունի՞այն բանի հետ, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը Մնացականյանի քավորն է, վերջերս քաղաքական ակտիվություն է ցուցաբերում:

Այս առնչությամբ Սարգսյանն ասաց. «Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվությունը որեւէ աղերս չունի քաղաքային իշխանությունների լիազորությունների եւ գործողությունների հետ»։

Հիշեցնենք, որ Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։

  • Կիսվել: