կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՄԻՊ աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում՝ կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա շարունակում։
 
«Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և, վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է:
 
Ինքս եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:
 
Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»։

  • Կիսվել: