հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Մինսկի խմբի քննարկած տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել. Քոչարյան

Մինսկի խմբի քննարկած տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել. Քոչարյան

Արցախի անկախության ճանաչումն առաջնահերթ քայլն է, որ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Միջազգային հանրությունն էլ, Մինսկի խմբի համանախագահող պետություններն էլ պետք է հասկանան, որ այսօր գոյության խնդիր է լուծվում, և տարիներ շարունակ Մինսկի խմբի քննարկած տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել, քանի որ հակառակորդը ցույց տվեց՝ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության: Իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաև մարդկանց»,- ասաց Քոչարյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է հստակ: «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»,- նշեց նա:

Քոչարյանը նաև հիշեցրեց, թե 90-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչպես է ձևավորվել անվտանգության գոտին: «Անվտանգության գոտի ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա: Եվ մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ նրանք հրահում էին ռազմական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ»,-նշեց նա:

  • Կիսվել: