չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Միջազգային հանրության ուշադրությունն Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է․ Աբրահամյան

Միջազգային հանրության ուշադրությունն Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է․ Աբրահամյան

 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանրության ուշադրությունը հրավիրեց Արցախում առկա իրավիճակի վրա, որը երկու ամսից ավելի է՝ շարունակում է շրջափակված մնալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանը ցավով  արձանագրեց, որ ավելացող խնդիրներին զուգահեռ միջազգային հանրության ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է։

«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը և հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեին լուրջ հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Արցախում գազամատակարարման, էլեկտրաէներգիայի ճգնաժամը շարունակվում է։ Պատգամավորը հիշեցրեց՝  Արցախում սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի պակաս կա, երկար ժամանակ է հետաձգվել են պլանային վիրահատությունները, և նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ բավարար չեն առողջապահական իրավիճակը կայունացնելու համար։

«Այն իրավիճակը, որ այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է և, չնայած շատերին թվում է, թե մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, որոշակի խնդիրներ կարգավորվում են, միանշանակ ասեմ, որ այդպես չէ։ Մեր հայրենակիցները Արցախում բավականին բարդ շրջան են ապրում և ցավալիորեն այս իրավիճակում նրանք միայնակ են»,- եզրափակեց Աբրահամյանը։

  • Կիսվել: