շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միանգամայն անընդունելի են ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ ոտնձգության նախատեսումը. հայտարարություն

Միանգամայն անընդունելի են ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ ոտնձգության նախատեսումը. հայտարարություն

Պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածել` դրանում իրենց մտահոգությունը հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի մասին:

«2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը:

Միանգամայն անընդունելի են՝

ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը,

արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը,

ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը,

նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները,

«իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի,

տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը:

2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: