շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Մի շարք նոր հաստատությունների շենքերի վրա ՀՀ դրոշը մշտապես բարձրացնելու պահանջ կամրագրվի

Մի շարք նոր հաստատությունների շենքերի վրա ՀՀ դրոշը մշտապես բարձրացնելու պահանջ կամրագրվի

Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի:  Գործադիրը վերջերս հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

«Յուրաքանչյուր պետության համար պետականության հաստատման գործում չափազանց մեծ նշանակություն ունեն պետական խորհրդանիշերը, որոնք ունեն հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ըստ էության, նաև պետական խորհրդանիշերի հանդեպ ունեցած վերաբերմունքով է պայմանավորվում մեր վերաբերմունքը  պետականության հանդեպ: Քայլերը, որոնք ձեռնարկում է կառավարությունը, ուղղված են հանրային գիտակցության մեջ ընդգծելու այդ արժեքների կարևորությունը: Առաջարկվում է դրոշը նախադպրոցական, հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական մշակութային կազմակերպությունների պետության համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն ամրագրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Արա Խզմալյանի խոսքով, բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ է պետական արժեքներին ուղղված կրթական, իրազեկման ծրագրեր իրականացնել: 

«Հանրային իրազեկվածության բարձրացման, հանրային վերաբերմունքի լիարժեքությունն ապահովելու համար հարկավոր են անցկացնել միջոցառումներ: Բազմաթիվ իրավիճակներ են լինում, երբ ոչ պատշաճ վերաբերմունքի ենք ականատես լինում պետական խորհրդանիշերի նկատմամբ: Լինում են անգամ ներկայացումներ, երբ տեսնում ես, որ ՀՀ Սահմանադրությունը, պետական դրոշն ուղղակի ոտնահարվում են, անարգվում են՝ իբր թե գեղարվեստական անհրաժեշտությունից ելնելով: Մենք նման արժեքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, բարձր գիտակցման խնդիրն ունենք: Արժեքներ կան, որոնց հետ խաղալ չի կարելի»,-ասաց Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց՝ պետք է թույլ չտալ, որ պետական խորհրդանիշ հանդիսացող օբյեկտը դառնա սովորական, մատնվի անտարբերության: Այսինքն՝ այն միշտ իր առկայությամբ պետք է ձևավորի որոշակի դիրքորոշում, վերաբերմունք տվյալ կառույցի հանդեպ:

«Վերջերս մի դեպքի ականատես եղանք, ահազանգեցինք և բարեբախտաբար արձագանքն արագ եղավ: Մեր կենտրոնական փողոցներից ամենաբանուկ հատվածներից  մեկում ուղղակի պատառոտված դրոշ էր կախված: Նկատեցինք, զգուշացվել էր, արձագանքն էլ արագ եղավ: Հանրային ուշադրության տեսանկյունից առհասարակ պետք է կարևոր տեղ զբաղեցնեն մեր պետական խորհրդանիշերը»,-հավելեց Արա Խզմալյանը:

  • Կիսվել: