երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Մի շարք նախագծեր ԱԺ հերթական նիստում քննարկվել են երկրորդ ընթերցմամբ

Մի շարք նախագծեր ԱԺ հերթական նիստում քննարկվել են երկրորդ ընթերցմամբ

Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում նոր կարգավորումներով կապահովվի մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բնագավառում համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրացվել է ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի ու հարկերի վճարման անձնական օգտագործման մշակութային ապրանքների ներմուծման նպատակով ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացության տրամադրման և հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուից տրամադրման կարգերի վերաբերյալ լիազորող նորմերով:

Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարությունը տեխնիկական առաջարկներ է ներկայացրել:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով դեռևս 2021 թվականին ձևավորվել է ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման թրեյդ-ին գործիքը, որը հնարավորություն է տալիս ավտոտրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչներին՝ դիլերներին կամ դիստրիբյուտորներին, ֆիզիկական անձանցից մեքենա գնելիս դրա արժեքի փոխհատուցումը որոշակիորեն կատարել նաև այդ ձեռքբերվող մեքենայից: Գործիքը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին մեծացնելու իրենց բիզնես հնարավորությունները, իսկ քաղաքացիներին՝ թարմացնելու իրենց մեքենաները, ինչպես նաև՝ թարմացնելով հանրապետությունում ավտոմոբիլային պարկը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը տեղեկացրել է, որ օրենքի կիրարկման ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք հստակեցնելու համար էլ Կառավարությունը ներկայացրել է մի շարք փոփոխություններ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը չի ենթարկվել որևէ փոփոխության:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական առաջարկի մանրամասները՝ այստեղ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումից հետո լրամշակվել է ու լրացվել  «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով: Այս մասին հայտնել է Ռուստամ Բաքոյանը:

Հիմնական կարգավորումները՝ հղմամբ:

Հաջորդ նախաձեռնությունն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը: ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական և խմբագրական առաջարկներ, որոնք քննարկվել են գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:

«Այս նախաձեռնությամբ վարչարարության եւս մեկ գործիքակազմ է ավելանում ՀՀ հարկային օրենսգրքում: Դա բխում է մեր ստանձնած միջազգային պարտավորություններից»,- ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները ներկայացնելիս:

Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են պատասխանատվության նորմերին և ֆինանսական հաստատությունների նկատմամբ վերահսկողությանը:

Առաջին ընթերցման մանրամասները՝ այստեղ:

 

  • Կիսվել: