«Մի քիչ էլ որ իրար հրահրեն, շատ բաներ կբացահայտվեն». Բագրատ Սրբազանը՝ ԱԺ սկանդալի մասին
Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունը, պերճանքն ու թշվառությունը։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպին:
«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին կամ հանցագործության բացահայտում: Եթե մենք նորմալ իրավական համակարգ ունենայինք, տեղում պետք է հաղորդում տային կամ ներկայացնեին, որեւէ վարույթ սկսեին: Բացահայտ հաղորդում է տրվել, ընդ որում՝ երկու կողմից: Դեռ ինչե՞ր կարող են բացահայտվել, եթե մի քիչ էլ իրար, այսպես ասած, հրահրեն: Շատ բաներ կխոսեն»,-ասաց նա։
Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր է հանդիպի ՔՊ պատգամավորների հետ։ Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը ԱԺ է եկել մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին միմյանց եւ քիչ էր մնում բանը հասնի բռունցքների: