շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մի բան կա, որտեղ մեզ մեղադրել պետք չէ, և դա դավաճանությունն է. Նիկոլ Փաշինյան

Մի բան կա, որտեղ մեզ մեղադրել պետք չէ, և դա դավաճանությունն է. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման եռակողմ համաձայնագիրը չստորագրելը մեծ աղետ կլիներ։ Այս մասին այսօր Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Փաստաթուղթը, որը ստորագրել ենք, շատ ծանր ու դաժան է, սակայն այն չստորագրելն աղետ կլիներ։ Մենք կանգնել ենք այնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել, և որոշում ենք կայացրել հրադադարի, երբ անհրաժեշտ էր դա։ Խնդիր էր դրված մեր 25-30 000 զինվորների կյանքը փրկելու, որպեսզի շրջափակման մեջ չհայտնվեին, մենք էլ կանգ ենք առել՛՛:

Փաշինյանը հավելեց, որ պատերազմը դադարեցրել են այն ժամանակ, երբ այն շարունակելն այլևս իմաստ չուներ։ Ըստ նրա՝ պատերազմից հետո արդեն հինգ ամիս է, ինչ իրեն մեղադրում են դավաճանության մեջ։ Սակայն, Փաշինյանի խոսքով, կարևոր է հասկանալ` ինչո՞ւմ է կայանում իր դավաճանությունը:

Վարչապետը նշեց, որ իրեն մեղադրում են և՛ հողերը հանձնելու, և՛ հողերը չհանձնելու մեջ։ Նրա խոսքով` իրեն մեղադրում են, որ 2018-ից չեն կարողացել լուծել բանակի խնդիրները, այն խնդիրները, որոնք 20 տարի չլուծված էին մնում։

՛՛Բանակում եղել է սննդի ու սնարյադի խնդիր, որը մենք լուծել ենք։ Սակայն ինչո՞ւ է 2018-ին բանակում նման խնդիր եղել։ Այսինքն` մի բան կա, որտեղ մեզ մեղադրել պետք չէ, և դա դավաճանությունն է՛՛,-նշեց Փաշինյանը և շարունակեց. ՛՛30 տարի, երբ ասում էինք՝ էս ի՞նչ ա, ի՞նչ թալան ա, ասում էին՝ բա բանակ ենք պահում, առաջնագիծ ենք պահում: 2016-ին պարզվեց, որ 80-ականների զենքերից էն կողմ ոչ մի բան չունենք: Հետո պարզվեց, որ էդ՝ աչքով տված գումարները Եվրոպաներում հյուրանոցներ են, դղյակներ են, առանձնատներ են: Ու էդ մարդիկ ինձ խորհուրդ են տալիս փախնել: Ես Եվրոպայում կամ Ամերիկայում դղյակ չունեմ, էդ դուք եք, որ ամեն օր մտածել եք ձեր փախնելու մասին, թե որտեղ եք պատսպարվելու: Ես փախնելու տեղ չունեմ, իմ գնալու տեղը Ուջանի գյուղամեջն ա, ու Ուջանի ժողովուրդը կարա որոշի՝ ինչ ա անում՛՛:

Նա հավելեց. ''Մեզ ասում են՝ էս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա: Հարց՝ իսկ ի՞նչ է լինելու այս պարտության մեջ այդ հեռացումից հետո: Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելու ե՞ք, գցելու ե՞ք: Ասում են, ոչ, որովհետև դա կլինի աղետ, հետևաբար, դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ'':

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց բանակցային գործընթացից սկսած պատերազմական բոլոր դրվագներով հանդերձ քննել պարտության պատճառները:

''Ես համաձայն եմ քննենք, քննարկենք բոլոր դրվագները` սկսած բանակցային գործընթացից, վերջացրած պատերազմի բոլոր դրվագներով'',- ասաց Փաշինյանը:

 

 

  • Կիսվել: