հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Մհեր Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: 

  • Կիսվել: