չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր ընտրողները զբաղված մարդիկ են. Անի Սամսոնյան

Մեր ընտրողները զբաղված մարդիկ են. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 10-ին, քարոզարշավը սկսեց Արաբկիր վարչական շրջանից: Կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց իրենց ծրագրային դրույթներից:

«Մենք ասել ենք, որ առաջնային է անվտանգությունը: ՀՀ սահմանները պետք է պահի պրոֆեսիոնալ բանակը: Մենք պետք է բարձրացնենք սպայական աշխատանքի գրավչությունը, որպեսզի ունենք լավ սպաներ, որակյալ սպաներ»,-նշեց նա:

Գորգիսյանի խոսքով՝ իրենց ծրագրերը կապված են նաև տնտեսությունը զարգացնելու հետ, գյուղատնտեսության հետ կապված ևս ծրագրեր ունեն:

«Գիտության զարգացման լրջագույն ծրագրեր ունենք, որոնց հիմքը հետևյալն է՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը, ստեղծել հստակ մեխանիզմներ գիտաշխատողի գիտական աճի համար, վերազինել գիտական լաբորատորիաները, վերազինել Գիտությունների ազգային ակադեմիան»,-ասաց ԼՀԿ ներկայացուցիչը:

Ըստ Գորգիսյանի՝ քաղաքացիներին չի հետաքրքրում ծրագրային դրույթները, քանի որ ատելության խոսքը այնքան է մեծացել, որ ամենակարևոր ուղերձը դարձել է համերաշխությունը:

«Առանց համերաշխության իմ նշած ծրագրերից որևէ մեկը չենք կարողանալու կյանքի կոչել, որովհետև, եթե մենք շարունակենք ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու, հակառակը՝ այն ինչ ունենք, դա էլ է վերանալու»,-նշեց նա:

Անդրադառնալով՝ քարոզարշավը հանրահավաքներով չիրականացնելուն ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանն ասաց, որ քաղաքացիները պարապ չեն, որ անընդհատ գան հանրահավաքների:

«Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են, ծանրաբեռնված են իրենց աշխատանքային առօրյայով և մենք այնպիսի ձևաչափ ենք ընտրում, որ մարդկանց չանհանգստացնենք: Բակից բակ գնալով մենք մեր ընտրողներին ավելի շատ ենք կարողանում մեր ուղերձը հղել»,-նշեց նա:

  • Կիսվել: