երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Մեր տարածաշրջանում լուրջ ռիսկեր ու խնդիրներ կան. Սանոսյան

Մեր տարածաշրջանում լուրջ ռիսկեր ու խնդիրներ կան. Սանոսյան

Մեր տարածաշրջանում լուրջ ռիսկեր ու խնդիրներ կան, որոնք պետք է կառավարել, ինչն էլ փորձում է անել մեր դիվանագիտությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի պատկանելության հարցը թողեց սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացին։

՛՛Ունենք ճանապարհ, որի երկու հատված վիճարկելի է, և այդ տեղամասն իրենց կողմն է, մեր կողմն է, սահմանի այս կողմն է, այն կողմն է և այլն, այդ հարցերի հիմնական պատասխանը կտա դեմարկացիայի, դելիմիտացիայի երևույթը՛՛, -ասաց Սանոսյանը:

Դիտարկմանը, որ ինքը հանրապետության բնակիչների շահերն է ներկայացնում, իսկ Սև լճի հատվածում թշնամու գործողությունների հետևանքով հարակից հայկական գյուղերի բնակիչները վտանգված են, նախարարը արձագանքեց․ ՛՛Այո՛՛։ Հետո հիշեցրեց, որ ինքը ՏԿԵ նախարարն է, ոչ թե պաշտպանության:

Նա ասաց. ՛՛Ես Պաշտպանության նախարարը չեմ, ինչո՞ւ եք ուզում, որ ես մեկնաբանեմ այն, ինչը Պաշտպանության նախարարությունը պիտի որոշի՝ մեկնաբանել, թե ոչ՛՛:

Սանոսյանը նշեց նաև. ՛՛Մենք գործընկերների հետ տարբեր քննարկումներ ենք անում, հիմա տարբեր ճանապարհներ ենք կառուցում՛՛:

Սյունիքում առկա բազմաթիվ խնդիրների շուրջ մյուս հարցերին ի պատասխան՝ Սանոսյանը նշեց․ ՛՛Մեր այս ամբողջ խոսակցությունը պետք է հետ տալ, անջատել, նորից խոսել նրա մասին, ինչի մասին պետք է խոսեի՛՛։

 

  • Կիսվել: