չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր եզրակացությունը կկարդաք՝ հաղթանակը որտե՞ղ էր, բացթողումները որտեղ էին, ամբողջը ինչ էր, եկեք ապրիլյանը հիմա թողենք. Անդրանիկ Քոչարյան

Մեր եզրակացությունը կկարդաք՝ հաղթանակը որտե՞ղ էր, բացթողումները որտեղ էին, ամբողջը ինչ էր, եկեք ապրիլյանը հիմա թողենք. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, 2016-ի ապրիլյան իրադարձությունների մասին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին։

«Իմ կարծիքով նա շտապեց ասուլիս անել, և ապրիլյան դեպքերի մասին Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին։ Ըստ էության նա ապրիլյան թեմայից ոչինչ չի խոսել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանը։

Մասնավորապես, ըստ Քոչարյանի, Սարգսյանը չի պատասխանել հարցին, թե հակառակորդը քանի՞ դիրք է տնօրինել, ես չեմ ասում՝ քանի հեկտար, քանի՞ դիրք։

«Դրանք շատ կարևոր փաստեր են, բայց նա չի պատասխանել այդ հարցերին, որովհետև դրանք չեն եղել նրա ասուլիսի օրակարգում», -հավելեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե պաշտպանության գործող նախարարը ապրիլյան գործողությունները համարում է հաղթանակ, Քոչարյանը արձագանքեց․

«Դուք խառնում եք, ապրիլյան գործողությունների ժամանակ մեր առաջնագծի զինվորները կերտել են հաղթանակ։ Ես ասում եմ վերջնամասում։ Ապրիլյան գործողությունները իրենց բնույթով ի՞նչ էին ներկայացնում և մենք ինչ ունեցանք։ Եթե դա այդպես է, այդ դեպքում բացեք ռազմական բառարանը և կարդացեք՝ ինչ է նշանակում հաղթանակ»։ Հարցին, թե այսինքն՝ հաղթանա՞կ չէր, Քոչարյանը պատասխանեց հարցով․ «Հիմա դուք ուզում եք, որ ես ժամանակից շուտ բաներ խոսե՞մ։ Մեր եզրակացությունը կկարդաք փաստարկված՝ հաղթանակը որտե՞ղ էր, բացթողումները որտեղ էին, վերջնամասում ամբողջը ինչ էր։ Եկեք ապրիլյանը հիմա թողենք»։

  • Կիսվել: