Մենք տանում ենք այն բեռը, որը մեզնից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա. Արթուր Հովհաննիսյան
«Վարչապետը նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր քաղաքական թիմը վերջին շրջանում առաջ է տանում և հաղորդակցվում է մեր քաղաքացիների հետ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով գրառման մանրամասներին՝ Հովհաննիսյանն ասաց. «Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն շատ երկար տարիներ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունների օրոք նաև մեր արտաքին գործընկերների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ հենման կետ՝ այլ պետությունների շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար: Այստեղ հարց է առաջանում, թե այս պատմության մեջ որտեղ են մնում ՀՀ քաղաքացիները և ինչ պետք է անի հայ ժողովուրդը՝ մնա՞ որպես ռեսուրս՝ այլ երկրների շահերը սպասարկելու համար՝ իր աղքատության հաշվին, ունեզրկումների հաշվին, երկրում կոռուպցիայի հաշվին, օլիգարխիայի հաշվին և այլն, թե՞ վերջապես մենք պետք է դուրս գանք այս շրջապտույտից և ապահովենք միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների ներսում մեր քաղաքացիների կյանքը: Վարչապետի ներողությունը երկրի ղեկավարի անունից ներողություն է նախորդ բոլոր ղեկավարների կողմից՝ ուղղված իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար, եթե ինքը պետությունից վնաս է կրել, ապա ցանկացած ղեկավար պետք է քաղաքացու առջև այդ պատասխանատվությունը կրի: Մենք՝ որպես քաղաքական թիմ, վերցրել ենք այդ պատասխանատվությունը և նաև ներողություն ենք խնդրում և նաև տանում ենք մեզ վրա այն բեռը, որը մեզնից առաջ բոլոր իշխանությունները թողել են մեր քաղաքացիների վրա»: