Մենք սկզբունքորեն և հետևողականորեն ձգտելու ենք ՀՀ ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնմանը․ ՀՀ վարչապետ
«Ես վաղուց էի ասել, որ մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս ունենք այդպիսի խնդիր և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ մենք սկզբունքորեն և հետևողականորեն ձգտելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնմանը, հատկապես հիմա և մենք կհասնենք դրան»,- այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ այժմ կողմերը պետք է քարտեզների և այլ իրավական հիմքերի միջոցով պարզաբանեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տարածքային ամբողջականությունը (չնայած ընդհանուր առմամբ կողմերը գիտեն), ներառյալ էքսկլավների և անկլավների հարցերը։
Փաշինյանը տրամաբանական է անվանել, որ եթե իրավական հիմք կա, ուրեմն այն կա։ «Ի՞նչ կարող ենք անել։ Կարո՞ղ է արդյոք դա զուգահեռաբար այլ խնդիրներ առաջացնել, եթե այդ իրավական հիմքերն առկա լինեն։ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներն այս հարցին առարկայորեն դեռևս չեն անդրադարձել, բայց ինչ-որ պահի նրանք կանդրադառնան դրան։ Եթե կա իրավական հիմք, ուրեմն այն կա։ Եթե չկա իրավական հիմք, ուրեմն այն չկա։ Այսինքն՝ մենք կարիք չունենք նոր բան ստեղծելու։ Եթե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա գոյություն ունի իրավական հիմք, ապա պետք է ընդունել այդ փաստը»,- եզրափակել է նա։


