չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհների և հնարավոր կոմունիկացիաների բացմանը, որը ձեռնտու է նաև Ադրբեջանին. Սիմոնյան

Մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհների և հնարավոր կոմունիկացիաների բացմանը, որը ձեռնտու է նաև Ադրբեջանին. Սիմոնյան

Եթե ինչ-որ պահի հնարավոր լինի, կամ առաջարկ լինի վերադառնալ երկու երկրների միջև կոմունիկացիաների վերահսկումն այլ կազմակերպությանը պատվիրակելու տարբերակին, ապա դա կարող է լինել քննարկելի։ Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք համաձայնություն կայացել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատվիրակեն Սյունիքի ճանապարհը օտարերկրյա որևէ կազմակերպության:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես չեմ հիշում, որ նման հարց կա խաղաղության պայմանագրի մեջ. մեր դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհների և հնարավոր կոմունիկացիաների բացմանը, որը ձեռնտու է նաև Ադրբեջանին՛՛,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն դրա հետ կապված չի կարող անել:

Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2020-ին խոսել է այդ մասին, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ դրանից անցել է չորս տարի, և այդ ընթացքում շատ ջրեր են հոսել։

՛՛ՀՀ տարածքում որևէ գործունեություն իրականացնելու համար մենք ստեղծել ենք նաև ԱԱԾ-ի համապատասխան բաժին, որը պատասխանատու է և կարող է այդ գործառույթն իրականացնել: Եթե ինչ-որ պահի հնարավոր կլինի կամ առաջարկ կլինի վերադառնալ այդ տարբերակին, դա կարող է լինել քննարկելի: Բայց չեմ կարծում, որ դա կարող է լինել տարածաշրջանային որևէ երկիր՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահին նման խոսակցություն չկա:

 

  • Կիսվել: