երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք ներողություն խնդրեցինք երեկվա համար, բայց դուք ձեր հայհոյանքների համար՝ ոչ. Փամբուխչյանը՝ ընդդիմադիրներին

Մենք ներողություն խնդրեցինք երեկվա համար, բայց դուք ձեր հայհոյանքների համար՝ ոչ. Փամբուխչյանը՝ ընդդիմադիրներին

Բոլորս ներկա ենք եղել եւ տեսել ենք, թե որտեղից է առաջացել սադրանքը. Ձեր խմբակցությունը մեկ ամիս շարունակ բացակայելով քաղաքապետարանի առօրյայից, ավագանու աշխատանքներին ձեր մասնակցության առաջին իսկ օրը տեղի ունեցավ այդ սադրանքը: Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում ելույթ ունենալով հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցությանը:

«Ես այդ գնահատականը տվել եմ և կարծում եմ, որ դրանք ճիշտ են, որովհետև, եթե կա սադրանք, կա նաեւ հավանականություն, որ կլինեն սադրվողներ: Ցավոք սրտի, մեր թիմակիցներից են այդ սադրանքին տրվել եւ դրա համար մենք ընդհանուր ներողություն ենք խնդրում, այդ թվում մեր թիմակիցների համար»,-ասաց նա՝ անդրադառնալով նախօրեին իր ֆեյսբուքյան գրառմանը:

Դիմելով մինչ իր ելույթն ամբիոնին մոտեցած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ Փամբուխչյանը նշեց, որ «Մայր Հայաստանը» ներողություն չխնդրեց իրենց անդամների գործողությունների ու հայհոյանքների համար:

«Այդուհանդերձ, ես ուզում եմ նշել, որ մենք պատրաստակամ ենք համերաշխ գործընկերային աշխատելու: Երեկ մեր կոալիցիոն գործընկերների հետ լուռ մեր տեղերում նստած լսել ենք տարբեր սադրանքները և այսօր էլ մենք լուռ լսեցինք ձեր քննադատությունը, բայց այն որևէ մեկին իրավունք չի տալիս, որ կարողանա որոշակի միջոցների դիմել՝ բառապաշարի առումով: Եթե կա սադրանք, պետք է պատրաստ լինել, որ սադրվողները  կկարողանան որոշակի գործողություններ անել»,-հայտարարեց Արմեն Փամբուխչյանը:

  • Կիսվել: