չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք կադրային ջարդ ենք խոստացել, և այն լինելու է. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Մենք կադրային ջարդ ենք խոստացել, և այն լինելու է. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Մենք կադրային ջարդ ենք խոստացել, և այն լինելու է։  Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ կատարելու ենք և բարեփոխելու ենք համակարգը, համակարգը դիմադրել է բազմաթիվ բարեփոխումների՛՛։

Գրիգորյանը հավելեց, որ, իր կանխատեսմամբ, Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ունենալու է Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը։ Նրա խոսքով՝ նրանք, որոնք կանխատեսում էին, թե հետընտրական գործընթացներ են լինելու, հիմնականում ելնում էին իրենց փորձից։

՛՛Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել՝ կարգավորման գործըթնաց է սկսվել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը, և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։

Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ սուվերեն տարածքից, և խնդիրը կարգավորվելու է՛՛,-վստահեցրեց Գրիգորյանը՝ հավելելով, որ լուծման են գնում դիվանագիտական ճանապարհով։

՛՛Ի դեպ՝ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք՛,-ասաց ԱԽ քարտուղարը և ընդգծեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։

Նա ասաց. ՛՛Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու և պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին՛՛: Գրիգորյանը հավելեց, որ ֆինանսների առումով նույնիսկ կա արդյունավետություն: 

Գրիգորյանը խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միանշանակ լուծված չէ, քանի որ կարգավիճակի հարցը կարգավորված չէ։ Նա կարծում է, որ  ինչ-որ մի պահի Ալիևն էլ է բանակցելու։ ԱԽ քարտուղարը վստահություն հայտնեց, որ 4-5 տարի հետ ռուսները չեն գնա։

  • Կիսվել: