երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք ձեզ այլևս երբեք չենք լքի. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը՝ հայերին

Մենք ձեզ այլևս երբեք չենք լքի. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը՝ հայերին

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն անհրաժեշտ է ընդունել՝ հետագայում նման ողբերգություններից խուսափելու համար»,-այս մասին Բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։ 

Նա նաև հավելեց. «Այս Բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք մեկ դար առաջ գործադրվեցին՝ ցեղասպանություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։ Հայոց ցեղասպանությունը չի կարող ժխտվել, այն ապացուցված է պատմական փաստաթղթերով և զգացմունքային վկայություններով։ Այն վերապրածների սերունդները մինչ օրս շարունակում են սգալ կատարվածը։ Կատարվածն էթնիկ զտումներ էին, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին իրականցրեց Օսմանյան կայսրությունը։ Կատարվածի հետևանքով զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ թիրախավորված խմբեր»։ 

Հոյերը շեշտեց, որ Ներկայացուցիչների պալատում քննարկման դրված բանաձևն ուղղված չէ ներկայիս Թուրքիայի կառավարության դեմ. «Սա պատմական փաստ է, որը չճանաչելու դեպքում կարող է կրկնվել»: 

Դեմոկրատների ղեկավարն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ուշադրության կենտրոնում կպահի աշխարհում այսօր տեղի ունեցող էթնիկ զտումների հարցը; Մասնավորապես՝ խոսքը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին է: «Թող մեր այսօրվա քվեարկությունը հիշեցում լինի նախագահ Էրդողանին, որ ԱՄՆ-ն հետևում է իրադարձություններին։ Մենք պետք է մեր հստակ ուղերձը հղենք ինչպես մեր հայ, այնպես էլ քուրդ եղբայրներին ու քույրերին՝ մենք ձեզ այլևս երբեք չենք լքի»,-ասաց Հոյերը:

  • Կիսվել: