երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք դավաճաններին թողնելու հայրենիք չունենք․ Իշխան Սաղաթելյան

Մենք դավաճաններին թողնելու հայրենիք չունենք․ Իշխան Սաղաթելյան

Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, դա պետք է անենք միասին, ՀՀ գիտակից, արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ և օգնությամբ, մենք այլ տարբերակ չունենք, դավաճաններին թողնելու հայրենիք չունենք։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի՝ Տաշիրում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ երկիրը վտանգի առջև է, մի խումբ մարդիկ, մոլորեցնելով մեր ժողովրդին, եկան իշխանության և 3 տարիների ընթացքում քանդեցին ամեն ինչ, քանդեցին, ինչ հնարավոր էր։

«Նրանք երկիրը տարան պատերազմի, մեր ժողովրդին և պետությանը բերեցին պարտության։ Կազմակերպված կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը և կերտել ուժեղ Հայաստան։ Այս մարդիկ այս օրերին գյուղ առ գյուղ, քաղաք-քաղաք փորձում են կրկին մեր ժողովրդին խաբել, մոլորեցնել, հիմա էլ ասում են՝ մեզ պողպատյա մանդատ տվեք, բայց հետաքրքիրն այն է, որ այդ մանդատն ուզելիս չեն ասում, որ այն օգտագործելու են թշնամու դեմ, պողպատյա մանդատ չեն ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար, մանդատ են ուզում ՀՀ-ում վենդետաներ անելու, մարդկանց բանտարկելու, եկեղեցու, ազգային արժեքների դեմ պայքարելու, մեր երկիրը կրկին ծնկի բերելու համար։

Հայ մարդը դրանց պետք է տա հեռացման մանդատը, պատասխանատվությունը, պատիժ կրելու մանդատը՝ երկրն այս վիճակին  հասցնելու համար»,-ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: