Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել. Սուրեն Պապիկյան
Դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ երեկվա դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսի վրա գրված է եղել՝ հավաքված գումարն ուղղվելու է նախընտրական քարոզչությանը, իսկ վարչապետն իր ելույթում հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարիքների բավարարմանը։
Սուրեն Պապիկյանը պարզաբանեց՝ դրամահավաքի հեղինակը «Քաղացիական պայմանագիր» կուսակությունն է, և հրավիրատոմսի հենց առաջին էջին գրված է եղել »ՔՊ» կուսակցություն։
««Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ կերպ որևէ դրամահավաքի մասնակից նվիրատուի նկատմամբ որևէ սխալ բան չի արել: Թե՛ իմ, թե՛ վարչապետի հայտարարության մեջ հստակ նշվել է՝ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, բնականաբար, ամենակարևոր պատճառն «Այո»-ի քարոզչությունն է, և դա որևէ կերպ չի թաքցվել ու կարիք էլ չկար թաքցնելու։ Միևնույն ժամանակ, եթե դրամահավաք երեկոն կազմակերպած լիներ «Այո» քարոզչական խումբը, ապա հարց կառաջանար, թե ինչու է հավաքվել 200 մլն, և թե դրա ճակատագիրն ինչ է լինելու: Բայց, հստակ է, որ հասցեատերը ՔՊ-ն է»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ հյուրերին հրավիրելիս նշել են, որ կանխիկ գումարը մուտքագրվել է իրենց նախընտրական հաշվեհամարին, հիմնադրամին: «Թե՛ իրավական, թե՛ բարոյական որևէ խնդիր չկա», - նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար քվե տալ, Այո»-ի շտաբի ղեկավարը պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել: Սա պրոցես է, և մենք Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ենք ընձեռել, որ ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում, որ ունենա մեր երկրը: Սա սկսված է 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից: Այսինքն՝ այդ իրավունքը ՀՀ քաղաքացին ձեռք է բերել: Եվ այդ իրավունքն իր անօտարելի իրավունքն է, մենք հիմա հերթական անգամ այն իրացնելու հնարավորություն ենք ընձեռել: Չկա ավելի ժողովրդավարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն: Դա ՀՀ քաղաքացիների, իրական տերերի ձայնի ու կամքի արտացոլումն է լինելու։ Այսինքն՝ եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականար, մենք հաշվի կնստենք դրա հետ: Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին մասնակցել հանրաքվեին, և մեր ակնկալիքն է, որ նրանք կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին»։
Պատասխանելով վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին հարցին՝ Սուրեն Պապիկյանն ասաց. «Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ կլինի գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք: ՀՀ քաղաքացուն տրված իրավունքն ու նրան տված հնարավորությունը որեւէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի: Սա մեր հավատամքն է, որից չենք հրաժարվելու: Ցուցումը հստակ է՝ բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում, որևէ մեկը չի կարող շրջանցել իրեն տված լիազորությունը, այն է՝ քարոզչություն իրականացնել: Ոչ ոք չի կարող ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպել ինչ-որ բան անել»:
Նրա խոսքով՝ նմանօրինակ դեպքերում իրենք պատրաստ ենք խնդիրը վեր հանել ու խստագույնս պատժել բոլորին։