շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք բանակ էլ ենք գնալու, բանակին պետք է համոզենք, որ ոչ մի քայլ հետ չկանգնի. Հրանտ Բագրատյանը՝ ոսկեպարցիներին

Մենք բանակ էլ ենք գնալու, բանակին պետք է համոզենք, որ ոչ մի քայլ հետ չկանգնի. Հրանտ Բագրատյանը՝ ոսկեպարցիներին

Մենք վարչապետին պատասխանը տվել ենք, որ ոսկեպարցիները զիջելու բան չունեն, մենք հետ գնալու ճանապարհ չունենք, Ոսկեպարը հայրենիքի դարպասն է, Ոսկեպարի գլխին հայտնվելուց հետո հակառակորդը հայտնվելու է Վանաձորի գլխին: Այս մասին Ոսկեպարում «Միասին» շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ նեց գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Մենք մեռնենք, էստեղ ենք մեռնելու, ոսկեպարցիները մեծից մանուկ, պատրաստ են զենք վերցնելու, կռվելու: Էսօր Ոսկեպարն է, վաղը Վանաձորն է, մյուս օրը Գյումրին է, Երեւանն է»,-ասաց նա:

«Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանն էլ ասաց. «Մենք համաձայն ենք, բայց այդպիսի տրամադրություն պետք է լինի ամբողջ Հայաստանում, ոչ թե միայն Ոսկեպարում:

Մենք մարտի 27-ին հանրահավաք ենք կազմակերպում, մենք ոչ մի հույս չենք կապում այս իշխանության հետ: Հանրահավաքը ներկայացնելու է ԱԺ բոլոր խմբակցություններին, որ նրանք պետք է սկսեն վարչապետին անվստահության գործընթացը: Մենք որպես ժողովուրդ պետք է նոր իշխանություն ձեւավորենք, այս իշխանությամբ չենք կարող երկիրը պահել»:

Գյուղացիներից մեկն արձագանքեց. «Իսկ չեք կարո՞ղ կոչ անել, որ հողերը չտա: Որովհետեւ ձեր  հեղափոխությունը չստացվեց, մեր հողերն էլ տրվեց, ավելի լավ չի՞ կոչ անեք, որ հողերը չտա: մեկ է՝ իշխանափոխությունը չի ստացվելու»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ գոհունակություն հայտնեց, որ գյուղացիների տրամադրությունը մարտական է, ապա հավելեց. «Մենք հիմա բանակ էլ ենք գնալու, բանակին պետք է համոզենք, որ ոչ մի քայլ հետ չկանգնի: Նիկոլ Փաշինյանը եկել էր Ոսկեպար եւ ասում էր՝ գյուղերը պետք է տանք, բայց դրանից հետո ձեզ պետք է կարողանանք պաշտպանել. Ո՞նց է պաշտպանելու»:

  • Կիսվել: