չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենենդեսն Ալիևի գործողություններն Արցախում բնորոշել է որպես էթնիկ զտում

Մենենդեսն Ալիևի գործողություններն Արցախում բնորոշել է որպես էթնիկ զտում

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը  ներկայացրել է հումանիտար իրավիճակը շրջափակված Արցախում:

Նա, մասնավորապես, ասել է. «Ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակում է Հայաստանի համար Լաչինի միջանցքի հասանելիությունը՝ թույլ չտալով մարդասիրական աջակցության մուտքը հայկական այս համայնքին, որը սովի է մատնված»,- նշել է սենատորը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ Աղդամի ճանապարհով ռուսական մեկ բեռնատարով հասցված մարդասիրական օգնությանը՝ Մենենդեսը հիշեցրել է, որ նախկինում օրական 120 բեռնատար է մուտք գործել ԼՂ: Նա Ադրբեջանի գործողությունները որակել է «էթնիկ զտում», նշել՝ Ալիևի նպատակը ղարաբաղցիների հնազանդեցումն է կամ նրանց սովամահ անելը: Սենատի հանձնաժողովի նախագահը մեջբերել է ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի այն միտքը, որ սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենքն է:

Մենենդեսը զգուշացրել է նաև, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում: Նրա խոսքով՝ ժամանակը սուղ է. գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ կա:

«Բարձր մակարդակով մեր ուղերձը պետք է միանշանակ լինի. այն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները»,- ասել է սենատորը:

Նա տվյալ իրավիճակում Ռուսաստանին անվանել է «անհուսալի և անկարող գործընկեր, խաղաղության և անվտանգության համար խոչընդոտ»:

Մենենդեսը հավաստիացրել է, որ իր բոլոր լծակներով ջանքեր կգործադրի՝ ստիպելու ԱՄՆ պետքարտուղարությանը գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի հաղթահարման համար:

 

  • Կիսվել: