երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարությանը հանդիպումը բնորոշեց ընդհանուր աշխատանքային, Փաշինյանը հարցերին չպատասխանեց

Մարությանը հանդիպումը բնորոշեց ընդհանուր աշխատանքային, Փաշինյանը հարցերին չպատասխանեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ ավարտվեց։

Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանից հեռացավ՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու. վարչապետը ներողություն խնդրեց և ասաց, որ շտապում է։

Լրագրողների  հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ հանդիպումն ընդհանուր աշխատանքային էր: Նա նշեց. «Կհիշեք՝ ևս մեկ հանդիպում կայացել էր անցած տարի։ Մենք նաև արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր հավաքված լինում են նաև ավագանու մեր անդամների մոտ՝ կապված տարբեր գերատեսչությունների հետ, տարբեր պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»։

Մարությանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ խնդիրներով էր մտահոգված վարչապետը: «Մենք ավելի շատ քննարկում էինք ոչ թե խնդիրները, այդ խնդիրների լուծման ճանապարհները, այլ արձանագրում էինք՝ ինչ խնդիրներ կան, և գծում էինք դրանց լուծման ճանապարհները։ Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են, նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»,-ասաց նա:

  • Կիսվել: