երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալու

Մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի. դիզայներական աշխատանքի համար 2.5 մլն դրամ են տալու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների համազգեստը կփոխվի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այս հարցը չզեկուցվողների թվում էր։
Փոփոխության համար կառավարությունը մեկ անձից դիզայնի օժանդակ ծառայություն է ձեռք բերելու (համազգեստի մոդելների նախագծերի մշակման ծառայություն)։
 
Նախատեսվում է համագործակցել «Ֆըրսթ Քլաս» ընկերության հետ։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, որը սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել Իտալիայում` համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style։
 
Դիզայներական աշխատանքի համար 2.5 միլիոն դրամ կտրամադրվի ընկերությանը, իսկ հագուստի նմուշները պատրաստ կլինեն պայմանագիր կնքելուց 10 օր անց։ Նշվում է նաև, որ մեկ անձից են գնում անում, քանի որ նշված ժամկետներում քիչ իրատեսական է այլ ընկերությունից արդյունք ակնկալելը։
 

  • Կիսվել: