շաբաթ, դեկտեմբեր 2
2 / 12 / 2023
Մանուկյանը Սյունիքի ժողովրդին կոչ արեց զինվել ու ջոկատներ կազմել և խոստացավ վաղը հայտնել, թե ինչով է զբաղվելու Ազգային կոմիտեն

Մանուկյանը Սյունիքի ժողովրդին կոչ արեց զինվել ու ջոկատներ կազմել և խոստացավ վաղը հայտնել, թե ինչով է զբաղվելու Ազգային կոմիտեն

Մենք ունենք պետություն, ունենք, բանակ, ու մեր աչքի առաջ, անկախ Հայաստան պետության աչքի առաջ տեղահանություն ու կոտորած է տեղի ունենում մեր հայրենակիցների հետ Արցախում: Ո՞վ կհավատար դրան: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Էրդողանն ասում է՝ մենք դեռ պայմանավորվածություններ ունենք Նիկոլի հետ Սյունիքի վերաբերյալ, անկլավների վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում պայմանավորվածություն: Պայմանավորվածություն՝ նշանակում է, որ ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս: Մենք որեւէ բան ստացե՞լ ենք Ադրբեջանից կամ Թուրքիայից: Չենք ստացել, ուրեմն ո՞վ է ստացել, ուրեմն՝ ստացել է Նիկոլը: Փաստորեն՝ ամենակոռումպացված թղթակիցը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ բարձրացրեց ու դարձավ Հայաստանի ղեկավար: Չլինի Նիկոլը, չեն լինի պայմանավորվածությունները՛՛:

Մանուկյանը հավելեց. ՛՛Մենք հիմա մի շրջանում ենք, երբ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը եւ նույնը լինելու է Հայաստանում: Իրենք ասելու են՝ անկլավները մերն են ու ով այնտեղ է, ագրեսոր է, սեպարատիստ է, մտցնելու են զորքը այդ անլավների համար, Սյունիքը փորձելու են վերցնել: Ու ես կոչ կանեի Սյունիքի ժողովրդին զինվեք: Զինվեք, կազմեք ջոկատներ, միայն բանակի վրա հույս չդնեք: Բանակը ուժեղ է, բայց գտնվում է մի մարդու ձեռքում, որը ոնց ուզում, օգտագործում է: Զինվեք, պաշտպանեք ձեր երկիրը, մենք էլ փորձենք այստեղ իշխանություն փոխելով պաշտպանենք մեր երկիրը՛՛:

Սա քաղաքական պայքար չէ, այստեղ մեր ազգի թշնամին նստած է Երեւանի կենտրոնում, ու ես համաձայն չեմ, որ ասում են՝ հանգիստ եղեք: Չի կարող լինել ազգային շարժում, եթե մեջը չկա սեր ու ատելություն, մեջներդ թող բոցկլտա սերը երկրի եւ ատելությունը՝ թշնամիների նկատմամբ: Միայն խելքը հարցը չի լուծելու, զգացմունքները եւս պետք են՛՛,-ասաց նա:

Մանուկյանը կանխատեսեց, որ երկիրը ոտքի է կանգնելու, եւ մենք այս փորձությունից ուժեղացած ենք դուրս գալու:

Խոսելով հետագա անելիքների մասին, նա ասաց. ՛՛Այժմ ստեղծվում է կոմիտե, գնում են բանակցություններ տարբեր ուժերի հետ: Ամբողջ քաղաքական դաշտը պետք է ենթարկվի այդ կոմիտեին իշխանություն փոխելու հարցում: Վաղը ժամը վեցին, երբ այստեղ հավաքվենք, ես ձեզ կասեմ կոմիտեի կազմը եւ կասեմ՝ ինչ գործունեությամբ ենք մենք զբաղվում՛՛:

  • Կիսվել: