ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Որևէ բան մեզ չի կաշկանդում, որ վայր դնենք պատգամավորական մանդատները, ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը։ Մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որը հնարավորություն է տալիս մանդատը։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգ», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա կոչ արեց համոզված լինել, որ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորը, որոնցից 3-ը կալանավորված է, որևէ ձևով կաշկանդված չէ որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։

«Մենք առաջիկայում էլի մեկ հայտարարությամբ հանդես կգանք, որի մասին, թույլ տվեք չասել, որովհետև սպասում ենք մեկ այլ գործողության», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքները։

  • Կիսվել: