երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին: Մուրադ Փափազյանը տեղեկացրել է, որ միջոցառման պատվավոր հյուրն է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

Ընթրիքը նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը: 

Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019թ. ևս մասնակցել էր հայ համայնքի ամենամյա ընթրիքին: Նա հենց այդ օրը հայտարարել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

  • Կիսվել: