երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը  չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում։ Այս մասին հայտնել է  Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե իրնչու ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին Արցախում Ադրբեջանի գործողությունների պատճառով հումանիտար ճգնաժամի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունվեց:

"Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս եւ ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին եւ, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների եւ ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:

Սակայն ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձեւաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձեւի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի նախագծեր ներկայացնելու եւ քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական եւ ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի",- նկատել է նա։

Սակայն ԱԳՆ խոսնակը հավաստել է, որ սա շարունակական գործընթաց է։ "ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ եւ այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարեւորության հարցում ձեւավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով",- ասել է Բաղդասարյանը։ 

  • Կիսվել: