կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լրացումներ և փոփոխություն՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում

Լրացումներ և փոփոխություն՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են Երևանի քաղաքապետարանին վերապահված որոշակի իրավասություններ:

Օրենսդրական փաթեթով սահմանվում են Երևանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց պատկանող օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամռան և ձմռան ամիսներին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները: Ամրագրվում է նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը:

Օրենսդրական կարգավորումներով սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առևտուր և հանրային սննդի ծառայություն իրականացնելն առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի տեղեկացում, ինչպես նաև տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առաջարկվում է կարգավորել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ տեղական տուրքերի գանձման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև առևտրի և սպասարկման ոլորտում բնակիչների և սպառողների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար:

 

  • Կիսվել: