կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Լիդիան Արմենիա»-ին Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով՝ 11 օրենք և 9 միջազգային պայմանագիր է խախտվել. Նաիրա Զոհրաբյան

«Լիդիան Արմենիա»-ին Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով՝ 11 օրենք և 9 միջազգային պայմանագիր է խախտվել. Նաիրա Զոհրաբյան

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ինձանից բացի ուրիշ հերոսի անուն չգիտի: Ստախանովյան էնտուզիազմով իմ դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում, երկար և անբովանդակ նյութերով հեղեղում են մամուլը, փորձելով ապացուցել անապացուցելին` որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը կողմ է Ամուլսարի շահագործմանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա մասնավորապես նշել է, որ իրենց քննիչ հանձնաժողովը հանդիպել է Նազելի Վարդանյանի հետ, ով վարչապետի որոշմամբ ստեղծված` հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է և ով անչափ ուշագրավ փաստեր է տրամադրել հանձնաժողովին:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ինձ պատերազմ հայտարարելը դատապարտված զբաղմունք է

Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, խիղճս էլ մաքուր է

Ոնց հասկացա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը ինձանից բացի ուրիշ հերոսի անուն չգիտի: Ստախանովյան էնտուզիազմով իմ դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում, երկար և անբովանդակ նյութերով հեղեղում են մամուլը, փորձելով ապացուցել անապացուցելին` որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը կողմ է Ամուլսարի շահագործմանը: Ասեմ, որ ես ընդունում եմ ինձ նետված մարտահրավերը և այսօրվանից խիստ ուշագրավ դրվագներ եմ հրապարակելու Ամուլսարի էպոպեայի հետ կապված:

Երեկ մեր քննիչ հանձնաժողովը հանդիպեց Նազելի Վարդանյանի հետ, ով վարչապետի որոշմամբ ստեղծված` հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է և ով անչափ ուշագրավ փաստեր տրամադրեց հանձնաժողովին:

Եւ այսպես` «Լիդիան Արմենիային» Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով 11 օրենք և 9 միջագային պայմանագիր է խախտվել:

Այսօր խոսելու եմ «Ընդերքի մասին» օրենսգրքի խախտումներից: Ըստ օրենսգրքի հոդված 25-ի, արգելվում է հանքարդյունաբերությունը այն գոտիներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Ջերմուկում կան այդպիսի բույսեր և կենդանիներ, մասնավորապես` մատնունի-ծիրանավոր բույսը և գորշ արջ:

Ի դեպ, գորշ արջի մասին. «Լիդիան Արմենիայի» կենսաբազմազանության ոլորտի փորձագետը շշմելու հայտարարություն է արել, ասելով, թե արջերը սիրում են աղմուկ և պայթյուններ, ուստի շատ հանգիստ կարելի է Ամուլսարում պայթյուններ իրականացնել:

Ինչ վերաբերվում է մատնունի-ծիրանավոր բույսին, ապա այն իր բնական միջավայրից հանել, դրել են «գարշոկի» մեջ, տեղափոխել են Սևանի ավազան ու որոշել են, որ խնդիրը լուծել են:

Հա, չմոռանամ Լիդիանի վերցրած տարածքում բրոնզե դարի 80-ից ավելի դամբարանների մասին, որոնց ճակատագրին առանձին եմ անդրադառնալու:

Մի բան էլ ասեմ ու այսօր դեռ այսքանը.

2017 թվականին կառավարության 427 Ա որոշմամբ «Լիդիան Արմենիային» տրվել է մաքսային և հարկային արտոնություն ներկրելու ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ: Ասեմ` 2 հազար 600 իտալական դուռ, 12 հազար 500 ջահ, 590 զուգարանակոնք:

Մինչև հաջորդ դասին անցնելը, չմոռանամ հիշեցնել նաև, որ Ջերմուկում ցանկացած պայթյուն արգելված է և անգամ նոր շենք կառուցելու համար Ջերմուկում պայթեցում չեն անում` հանքային ջրի հոսքերը չվնասելու համար: Իսկ Ամուլսարը շահագործելիս պայթյունները ուղղակի կործանարար են լինելու Ջերմուկի համար:

Այսօր այսքանը:

Վստահ եմ, որ «от имени народа» «Լիդիան Արմենիան» պատասխան նամակ է հրապարակելու ու շաղ տալու մամուլով: Ուստի, մնացած փաստերը` ուրանի, ցիանիդի ու մնացյալի մասին` հաջորդիվ:

Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու»:

  • Կիսվել: