երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի հումանիտար վիճակի վրա. Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի հումանիտար վիճակի վրա. Նիկոլ Փաշինյան

Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման թեմային.

«Միջանցքն արդեն 70 օր արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար և էներգետիկ ճգնաժամի ԼՂ-ում, և գազամատակարարումը 10 անգամ դադարեցվել է անցած 70 օրերի ընթացքում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ խոսք է հնչել, որ Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է ապահովել Լաչինի միջանցքի շահագործումը։

«Բայց հիմա իրականությունը բոլորովին այլ է»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա. «Այս իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի հումանիտար վիճակի վրա»։

Փաշինյանը պատասխանեց նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ։ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչպես են ադրբեջանցի «բնապահպանները» հայ երեխաներին վախեցրել ավտոբուսում` ՀՀ-ից տուն վերադառնալու ճանապարհին։
 
Պատասխանելով Ալիևի այն հայտարարությանը, թե հայերը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 67 մզկիթներից 65-ը` Փաշինյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։ Այս պնդումը անհիմն է մի երկրի համար, որտեղ բնակվում են մահմեդականներ և կա գործող մզկիթ»:

  • Կիսվել: