չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
ԼՂ-ում ցեղասպանություն է կատարվել. Օկամպո

ԼՂ-ում ցեղասպանություն է կատարվել. Օկամպո

ՀՀ իշխանությունները պատասխանատու են բանակցություններ վարելու համար, մենք այդ գործընթացում չկանք, դա մեր առաջադրանքը չէ, բայց մենք վստահ ենք, որ ցեղասպանություն կատարածները պետք է հայտնվեն բանտերում: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցեղասպանության մասին կոնվենցիային միացած 100-ից ավելի երկիր կա, եւ նրանք միտված են ցեղասպանության հանցագործությունը կանխելուն: Կանխել՝ նաեւ նշանակում է ցեղասպանություն գործածներին ազատազրկել: Դրա համար հստակ կարգ կա, եւ ես հուսով եմ, որ այս գործընթացն ավարտին կհասցվի: Ցեղասպանություն արդեն կատարվել է ԼՂ-ում, եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա պետք է պահանջի»:

Ադրադառնալով Արցախի հայաթափմանը, Օկամպոն ասել է, որ թեեւ Արցախը Հայաստանի կազմում չէ, այլ Ադրբեջանի, սակայն կա Մյանմարի նախադեպը, երբ տեղացիներին Մյանմարից տեղահանել էին, տեղափոխել էին Բանգլադեշ. «Բանգլադեշը ՔԴՄ անդամ երկիր է, իսկ արտաքսումը, դեպորտացիան եւս մարդկության դեմ հանցագործություն է: Նույնը տեղի է ունեցել ԼՂ-ի հետ:

Կասյա Աբգարյանը ապրիլի 18-ին Հաագայի դատարանում ներկայացրել է մի շատ հետաքրքիր գործ, եւ ցույց է տվել, թե ինչպես է տեղի ունենում ցեղասպանություն այս պահին Հայաստանում: Որոշ գյուղեր ոչնչացման եզրին են կանգնած, փաստորեն, ենթարկվել են ցեղասպանության: Ալիեւը գիտի, որ այս հարցերը բարձրացվելու են: Նույնը այսօր անում է Նեթանյահուն: Այսինքն, միանալով ՔԴՄ-ին, Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ»,-նշել է Օկամպոն:

Նրա խոսքով՝ ցեղասպանությունն էթնիկ խմբի ներկայացուցիչների դեմ հանցագործություն է, ու կապ չունի՝ հանրապետություն էր, թե համայնք:

«Ցեղասպանությունը հարձակում է էթնիկ խմբի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել կամ տեղահանել: Ցեղասպանությունը չի պահանջում անպայման սպանել: Հայերը ցեղասպանություն ասելով՝ հիշում են 1915 թվականի դեպքերը։ Բայց այլ հարակից ձևեր էլ կան։ Պարտադիր չի սպանվեն, որ կոչվի ցեղասպանություն։ Կարող են լինել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են էթնիկ խմբի ոչնչացմանը, տեղահանմանը։ Չմոռանանք շրջափակումը։

Այն փաստը, որ ԼՂ հայերը այնտեղից գնացել են, շատ հստակ ցույց է տալիս, ակնհայտ էր, որ Արցախից մարդիկ փախչում էին իրենց կյանքը փրկելու համար։ Ակնհայտ էր, որ եթե մնային, կսպանվեին»,- ասլե է նա։

«Հայերը պետք է հասկանան՝ 2023 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որը կարող էր շարունակվել հենց Հայաստանի տարածքում։ Արթնացեք։ Սա դեռ տեղի ունեցող ցեղասպանություն է։ Անհրաժեշտ է դադարեցել։ Դա մեր ընդհանուր առաջադրանքն է»,-շեշտել է Օկամպոն:

  • Կիսվել: