հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԼՂ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի հարցը քննարկվում է ՄԱԿ փախստականների հարցով հանձնակատարի հետ

ԼՂ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի հարցը քննարկվում է ՄԱԿ փախստականների հարցով հանձնակատարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հետ՝ ապահովելու տեղահանված հայ փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց վարչապետի՝ ԱԳՆ-ին ուղղված երկու հանձնարարականների մասին, մեկը վերաբերում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված ԼՂ-ից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ միջազգային մեխանիզմների գործարկմանը: Մյուսը վերաբերում էր ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմի ուղղությամբ աշխատանքներ կատարելուն:

Միրզոյանը հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ, այն տարածքներ, որոնք այժմ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Եվ Միրզոյանի՝ ԱԳ նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքները շարունակվել են: «Կա նամակագրություն, իմ մասնակցությամբ տեղի է ունեցել նաև մի քանի հանդիպում: Հարցը շարունակվում է քննարկվել: Եվ վարչապետի հանձնարարականից հետո էլի հանդիպում է տեղի ունեցել՝ ոչ իմ մասնակցությամբ և բարձր հանձնակատարի ներկայացուցչի մասնակցությամբ»,-ասաց նախարարը:

Այնուամենայնիվ, հարցը քննարկվում է: Ըստ Միրզոյանի՝ խոչընդոտներ կան, և դրանք ադրբեջանական կողմն է հարուցում: Այստեղ ևս հայկական կողմը ձգտում է լինել առավելագույնս կառուցողական՝ գտնելու լուծումներ, որ 7-րդ կետում ամրագրվածը իրականացվի:

 

«Ինչ վերաբերում է ցեղասպանության կանխարգելման մեխանիզմին, այս ուղղությամբ ևս մենք վաղուց աշխատում ենք: Եվ հիմա առավել ևս ակտիվացրել ենք ջանքերը, որովհետև հիմա ակնհայտորեն, ինչպես բոլորը կարող են տեսնել, մասնավորապես ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, իրական ցեղասպանության վտանգ կա: Սա նույնիսկ անթաքույց կերպով դրսևորվում է ադրբեջանական ամենաբարձր պաշտոնյաների խոսույթում»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ այս ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ն անելիքներ ունեն:

  • Կիսվել: