ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ունենանք միջազգային մեխանիզմ. Ռասմուսեն

ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ունենանք միջազգային մեխանիզմ. Ռասմուսեն

Կարծում եմ՝ ամենակարևոր քայլը կլինի, որ ԵՄ-ն առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա: Այս մասին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշման չկատարմանը, Ջերմուկում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի համաձայնության է եկել, որը կարող է նաև օգտագործվել որպես հարթակ կրիտիկական երկխոսության համար Ադրբեջանի իշխանությունների հետ: Գուցե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նախագահ Պուտինն ավտոկրատ է, բայց չեմ կարծում, որ նախագահ Ալիևը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, ինչ նախագահ Պուտինն է, և համարվել միջազգային ագրեսոր, ուստի ևս մեկ անգամ ես կոչ եմ անում նախագահ Ալիևին վերացնել շրջափակումը անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:

Ինչ վերաբերում է ԼՂ-ում մարդկանց իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասաց հետևյալը. «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի: Այդ համաձայնագրում շատ կարևոր տարր պետք է լինի՝ ԼՂ-ում բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը: Եվ այդ իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք միջազգային մեխանիզմ, որը կմշտադիտարկի, կվերահսկի և կերաշխավորի դրանք»:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նա նշեց, որ կցանկանային շատ սերտ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

«Դա լայն համագործակցություն կլինի, որը լայն թեմաների կանդրադառնա: Բնականաբար, խոսում ենք ԵՄ-ի կողմից քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ հիմա շատ անհրաժեշտ է, որ մենք տեղեկացվածությունը բարձրացնենք, որ ԼՂ-ում կա հումանիտար ճգնաժամ: Եվ միջազգային հանրութունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծվի:

Մենք կցանկանանք աջակցել ՀՀ կառավարությանը, որ էլ ավելի բարձր մակարդակի հասցնի ԵՄ-ի հետ երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն: ԵՄ-ը լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Կարծում եմ, որ Հայաստանը միջազգային էլ ավելի շատ գործընկերների կարիք ունի, քան կա այսօր»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցության եզրերը մանրամասն չեն քննարկվել:

«ԵՄ-ն ունի եվրոպական խաղաղության համակարգ, որը նաև կարող է համագործակցության շրջանակ հանդիասանալ Հայաստանի և ԵՄ-ի միջև»,- նշեց Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

  • Կիսվել: