կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է արդյոք Հայաստանի և Արցախի ազգային ժողովների հանձնաժողովի նիստ գումարել։  

«Ես անձամբ կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմը այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Կարծում եմ, որ պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ձևաչափը չեղարկելու հարցը, որովհետև Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի և նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ, թե ում հետ պետք է հարցեր քննարկեմ հավանական նիստի պարագայում»,- ասաց Սիմոնյանը։ 

Իր հերթին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ և օրենքներով, ապա Արցախի իրավական արտահայտություն առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներում,  այլ միջազգային պայմանագրերում, ու այս փաստաթղթի առկայությունն անձը չէ, որ  փորձի վերացնի կամ չվերացնի, ինստիտուտներ կան դրա համար: ԱՀ-ի ԱԺ-ն, որին ընտրել է Արցախի ժողովուրդը, դուք իրավասու չեք համարել չեղյալ, դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով: Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտավորությունն է դրանցով շարժվելը»:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց.

«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց իսկ պաշտոնյաների որոշմամբ: Իրավահարաբերությունները հնարավոր են, թե կա երկու կողմ: Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների  ընդունելության օր կազմակերպեմ: Դա է իմ միակ պարտականությունն այսօր»:   

  • Կիսվել: