Լեհաստանի վարչապետը Մակրոնին քննադատել է Պուտինի հետ բանակցելու համար
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին, դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որն ակտիվ բանակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Քանի՞ անգամ եք բանակցել Պուտինի հետ և ի՞նչ արդյունքի եք հասել: Մենք հանցագործների հետ չենք քննարկում, չենք բանակցում: Հանցագործների դեմ պետք է կռվել: Ոչ ոք չի բանակցել Հիտլերի հետ: Դուք կբանակցեի՞ք Հիտլերի, Ստալինի, Պոլ Պոտի հետ»,-հարց է հղել Մորավեցկին:
Այնուհետև Լեհաստանի վարչապետը կոչ է արել հետաքննել Ուկրաինայում ՌԴ գործողություններն ու նոր պատժամիջոցներ կիրառել:
«Ռուսների, ռուս զինվորների կողմից իրականացված արյունոտ ոճրագործությունները պետք է անվանվեն այնպես, ինչպես կան: Սա ցեղասպանություն է և այն պետք է քննել»,-,-ասել է վարչապետը:
Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։
Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։
Ռուսաստանը հերքում է, որ իր ուժերը պատասխանատու են Բուչայում խաղաղ բնակիչների մահվան համար, և հայտարարում է, թե Ուկրաինան շոու է ցուցադրում արևմտյան լրատվամիջոցների համար: Տվյալ հարցով Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:


