Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ Հունգարիայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ թանկ կնստի իր վրա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ չի հասկանում Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:
Նրա կարծիքով՝ այն թանկ կնստի իրենց վրա: Բուդապեշտը նախկինում դեմ էր արտահայտվել ռուսական էներգակրիչների էմբարգոյին, հրաժարվել էր Ուկրաինային սպառազինում մատակարարելուց եւ արգելել էր մատակարարումներնիր տարածքով, փոխանցում է «Կոմերսանտը»:
«Ինձ համար դժվար է դա հասկանալ նաեւ այն պատճառով, որ այդ քաղաքականությունը Հունգարիայի վրա շատ թանկ կնստի»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դուդան TVN24-ին: Լեհաստանի նախագահը կարծում է, որ Հունգարիան մեծապես կախում ունի Ռուսաստանից մատակարարվող էներգառեսուրսներից:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարտի 26-ին պատասխանել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանն իր երկրի տարածքով զենքի մատակարարման արգելքի վերաբերյալ: Նա հայտարարել էր, որ Բուդապեշտը պաշտպանում է իր ազգային շահերը: Վարչապետն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանի, որոնք կազդեին ռուսական գազի եւ նավթի վրա, այդ իսկ պատճառով Հունգարիայի էներգետիկ հատվածն անվտանգ կլինի առաջիկա ժամանակաշրջանում: