չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան

Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան

Ալեն Սիմոնյանի երեկվա ասածներն ու Արարատ Միրզոյանի ասածներն ու չասածները Մոսկվայում տրամագծորեն հակասության մեջ են: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ կամ պետք է հասկանան՝ ինչ են խոսելու, կամ երկուսից մեկը դադարի խոսել արտաքին քաղաքականությունից, քանի որ դրանք ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ են։

«Թող համադրեն, թե ինչպես էր նախօրեին այստեղ ռազմավարական դաշնակցի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը խոսում,  ինչպես էր նույն ռազմավարական դաշնակցի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսում կամ այդ խնդիրների վերաբերյալ չբարձրաձայնում Արարատ Միրզոյանը։ Տեսնում ենք դասական աշխարհաքաղաքական կամ միջազգային հարաբերությունների վաշխառույություն։

Ով հասնում է, իր փայ դիվիդենտն է աշխատում, որովհետև, հավանաբար, ինչ-որ բանի հոտ են առել  ու մտածում են՝ ով կլինի հաջորդը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Մամիջանյանը նշեց, որ իր համար անընկալելի է բոլոր միջազգային ֆորմատներում իշխող  կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած մեսջիներն ու Արարատ Միրզոյանի լռությունը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ, երբ խոսում էր Արևմուտքի դերակատարության մասին և այլն։

«Կամ համաձայն էր  հնչեցված կարծիքներին, կամ չհամարձակվեց հակառակն ասել»,- ասաց նա։

Նա ցավով արձանագրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի ներկայությամբ օգտագործվեց 30 տարվա օկուպացիա  եզրույթը և դրան որևէ պատասխան չհնչեց. «Լավրովը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք. հոկտեմբերի կեսերին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, որից Փաշինյանը չի օգտվել։ Դրա մասին խոսել է Լավրովը Արարատ Միրզոյանի ներկայությամբ, Միրզոյանը դա չի հերքել։ Սա կայացած փաստ է։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը, թեև առկա էր դրա հնարավորությունը»,- նշեց Մամիջանյանը։

Նա անդրադարձավ Լավրովի ևս մեկ հայտարարության. «Ըստ Լավրովի, որին չհակադարձեց Միրզոյանը, ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը երկար քննարկվել և պատրաստվել է  Հայաստանի ԱԳՆ մասնակցությամբ կամ նախագահությամբ։ Վերջին պահին Փաշինյանը դրանից հրաժարվել է։ Ֆիքսենք՝ ԱԳՆ բանակցել, քննարկել է Հայաստանին՝ ՀԱՊԿ-ի փոխօգնության ծրագիրը, որից հետո այն մերժվել է  Փաշինյանի կողմից»։

  • Կիսվել: