շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրկին պատրաստ ենք կազմակերպել ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ նախագահների հանդիպումը. ԱԳ նախարար

Կրկին պատրաստ ենք կազմակերպել ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ նախագահների հանդիպումը. ԱԳ նախարար

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին առ այն, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց:

«Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ»,- հավաստել է նա:

Ավելի վաղ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր ասել, որ Բաքուն հրաժարվում է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից, քանզի Հայաստանը պնդում է, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։     

  • Կիսվել: