Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
«Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում, ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ։ Չկան փոխհրաձգություններ, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի զոհվում»։ Այս մասին պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենում, «Բաց միջանցքների քաղաքականությո՞ւն. Տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով պանելային բանավեճի ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ։
«Մենք վերացրել ենք Ադրբեջանի տարածքով բոլոր բեռնափոխադրումների սահմանափակումները։ Մենք նաեւ շնորհակալ ենք մեր վրացի բարեկամներին այն բանի համար, որ նրանք բավական կարեւոր տարանցման հնարավորություններ են ստեղծում»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ «տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու համար» Ադրբեջանը «պետք է լավ հարաբերություններ ունենա հարեւանների հետ»։
Նա ավելացրել է, որ «խաղաղության հաստատումից հետո միջանցքն Ադրբեջանով Հայաստան եւ այնուհետեւ՝ Եվրոպա մեծ պոտենցիալ է ձեռք բերել»։
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին կարևոր տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար։
«Մենք աշխատում ենք Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ Կասպից ծովի երկայնքով անցկացվելիք օպտիկամանրաթելային մալուխի նախագծի վրա, որը նախատեսվում է ավարտել այս տարի։ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո, Ադրբեջանի միջով դեպի Հայաստան, ապա Եվրոպա տանող միջանցքը նույնպես հսկայական ներուժ ունի բեռնափոխադրումների առումով»,- ասել է նա։


