երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կովիդը մեր կենսակերպի մի մաս է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով․ Անահիտ Ավանեսյան

Կովիդը մեր կենսակերպի մի մաս է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով․ Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակը։ «Մենք անցած շաբաթվանից գրանցում ենք կտրուկ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպքեր ենք ունենում։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց դեռ հիվանդանոցները բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Օմիկրոն շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև է ընթանում, բայց սա չի նշանակում, որ մենք չունենք ծանր դեպքեր։ Նորից եմ կրկնում, մեր հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր բավական ծանր են տանում հիվանդությունը»,- ասաց նա։

 

Ըստ Ավանեսյանի՝ որոշ կանխատեսումներ կան, թե արդյոք «օմիկրոնն» այս համավարակի վերջնական փուլն է, թե ոչ։ «Բայց մեր կարծիքով դեռ վաղ է որևէ հստակ բան նշել, բայց կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ, այո, կովիդը կմնա որպես այդպիսին, այն մեր կենսակերպի մի մաս է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով։ Բայց հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, դեռ վաղ է»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: