հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճը բնակչության անփույթ վերաբերմունքի արդյունք է». Համաճարակաբանը զգոնության կոչ է անում

«Կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճը բնակչության անփույթ վերաբերմունքի արդյունք է». Համաճարակաբանը զգոնության կոչ է անում

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱՀ Առողջապահության նախարարության աշխատակիցները Ստեփանակերտի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, Ֆիզմաթ դպրոցներին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններին բաժանեցին դիմակներ և ախտահանիչ նյութեր:

Աշխատակիցների խոսքով՝ ախտահանիչ պարագաների բաժանման գործընթացը շարունակական կլինի՝ հիվանդությամբ վարակման դեպքերի նվազեցման և հետագա կանխարգելման նպատակով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակվածների շեշտակի աճը պայմանավորված է վարակի նկատմամբ բնակչության անփույթ վերաբերմունքով։

«Մեր լաբորատորիաներում գրանցված թվերը ցույց են տալիս, որ օրեցօր ավելանում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը: Օգոստոս ամսին գրանցվել է հիվանդության 95, սեպտեմբերին՝ 93, իսկ հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ 84 դեպք: Այս թվերը ավելի քան խոսուն են: Անհրաժեշտ է անպայման կրել դիմակներ, հիվանդության ախտանիշների դեպքում հետազոտվել: 2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ վարակի 450 դեպք էր գրանցվել, իսկ այսօր՝ 1236, ինչը խոսում է, նախորդ տարվա համեմատությամբ, մեծ տարբերության մասին:

Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նախորդ տարվա ընթացքում առաջին հերթին ավելի խիստ մոտեցում ունեինք այդ վարակի նկատմամբ, ինչը իր դրական ազդեցությունը ունեցավ, սակայն այսօր, ցավոք, ավելի թեթև ենք վերաբերում վարակին», - նշեց մեր զրուցակիցը և հավելեց, որ չպետք է մոռանալ, որ մեր, մեր հարազատների, գործընկերների առողջությունը մեր ձեռքերում է։

Նա զգոնության կոչ արեց հանրությանը՝ հորդորելով յուրաքանչյուրին լինել ավելի ուշադիր իր իսկ առողջության նկատմամբ և պահպանել հիգիենայի կանոնները՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով:

  • Կիսվել: