կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոնգրեսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը

Կոնգրեսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը

«ԱՄՆ-ը վաղուց պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը»,-այս մասին այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նա նշել է, որ այսօր կարեւոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերջապես կքվեարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար

«Մեզ մշտապես ասում էին՝ նման քայլի չդիմել Թուրքիայի հետ մեծ դաշինքի պատճառով: Մեծ դաշի՞նք: Դա մեծ դաշինք էր Թուրքիայի համար: Մենք պաշտպանել ենք նրանց կոմունիզմից, Խորհրդային միությունից: Մենք 23 մլրդ դոլարի օգնություն ենք տրամադրել, եւ մենք ենք մեղավոր, որ Իրաքի հյուսիսում անկախ Քրդստան չի ձեւավորվել: 1915-1923-ը Օսմանյան կայսրությունը 1,5 մլն հայի սպանեց, դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»,-ասել է Բրեդ Շերմանը:

Նա նշել է, որ մեկուկես մլն հայերի սպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցանքներից մեկն է, որը չի վիճարկվում:

«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Ամերիկայի պատվի բիծը մաքրելու համար: Գերմանիան ցեղասպանություն է իրագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ճանաչել է դա: Գերմանիան բարգավաճող եւ ուժեղ ժողովրդավարական երկիր է դարձել: Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանությունը, ապա օրենք է ընդունում, որը կանխում է ցեղասպանության քննարկումը»,-ընդգծել է Շերմանը:

Նա նաև շեշտել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի մեծ դաշնակից կդառնա միայն այն դեպքում, երբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Այսօր ամենահարմար պահն է՝ ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք պետք է դա վաղուց անեինք»,-ասել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ քննարկումներից հետո կկայանա քվեարկությունը:

  • Կիսվել: